Ես վերևից չեմ նայում ժողովրդին, ամեն օր ժողովրդի հետ շփվում եմ, տեղյակ եմ խնդիրներին էլ, լուծումներին էլ՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում նախընտրական հանրահավաքում ասաց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Այսօր ամբողջ Հայաստանի բնակչության 99 տոկոսը վարկերի տակ է: Ես վերևից չեմ նայում ժողովրդին: Բոլոր ոլորտներն էլ հասկանում եմ` ամպից չեմ իջել, շփվում եմ, գիտեմ, աշխատողի ընտանիքից եմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը` ընդգծելով, որ ինչպես մյուս մարզերում, այստեղ ևս պետք է վերականգնել այն արտադրությունները, գործարանները, որոնք եղել են նախկինում:
«Չլուծվող խնդիր չկա` միայն պետք է սրտացավորեն մոտենալ: Բյուջեի գումարը պետք է խելամիտ, ոնց որ քո անձնական գումարը, ծախսես»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: Դիմելով քաղաքացիներին, նա նշեց, որ այսօր ստեղծված իրավիճակի համար ժողովուրդն էլ է մեղավոր: «Ոչ մեկին խաթր մի արեք` ոչ բարեկամի, ոչ ծանոթի, ոչ մարզպետի, ոչ գյուղապետի: Հենց հիմնական մեղավորները գյուղապետերն են: Ձեր տուն քանդողները գյուղապետերն են: Իրա պաշտոնին մնալու համար, իրա կեղծիքները թաքցնելով, որ վաղը պատասխանատվության չենթարկվի, ձեզ խնդրել, համոզելով ասում է` ընտրեք, դուք ոչ մեկին խաթր մի արեք: Գյուղ կանգնի` գերան կկոտրի»,- հորդորեց Գագիկ Ծառուկյանը: